Միջազգային ընկերությունները պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին

Armenpress 14:53, 30 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 25-27-ն անցկացված «Էներգետիկայի շաբաթ 2017»-ի   շրջանակներում կազմակերպված ներդրումային համաժողովը ցույց տվեց, որ արտաքին ներդրողները լուրջ հետաքրքրություններ ունեն Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի խոսքով,  համաժողովին մասնակից գրեթե բոլոր միջազգային ընկերությունները պատրաստակամություն են  հայտնել մասնակցելու Գեղարքունիքի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման նպատակով հայտարարվող մրցույթին։

Համաժողովում ներկայացվեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման ծրագիրը, որի նախատեսված հզորությունը 50 մեգավատ է։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը առաջարկվող սակագինն է։

«Էներգետիկայի շաբաթ 2017» նախաձեռնության շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները հաջողությամբ իրականացվել են։ Մասնակցել է ավելի քան 4 տասնյակ ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնել է շուրջ 400-ի։

Ըստ Թամարա Բաբայանի, համաժողովի մասնակիցները բարձր են գնահատել արևային էներգետիկայի ոլորտում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը։

«Չնայած համաժողովի անցկացման օրերին Երևանում մառախլապատ եղանակ էր, այնուհանդերձ դա չխանգարեց, որպեսզի մասնակիցները դրական գնահատեն Հայաստանի արևային ռեսուրսը», -ընդգծեց հիմնադրամի տնօրենը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am