Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ. Սերժ Սարգսյան

Armenpress 14:42, 28 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: «Հարգելի՛ պարգևատրվածներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ: Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը:  Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը: Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ: Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը»,-ասել է Սերժ Սարգսյանը:  Նախագահը պարգևատրման հանդիսավոր արարողության մասնակիցների ներկայությամբ նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Հայաստանի ժողովրդին Բանակի օրվա առթիվ:

*** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ: Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը: Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ:  Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից: Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը: Մյուս կողմից՝ մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների: Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլևս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը: Սիրելի՛ հայրենակիցներ, Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր և փառավոր տարեգրությունը:  Այդ տարեգրության բազմաթիվ էջեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին, այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այդ տարեգրությունը մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը: Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում: Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:  Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը:  Այսօրվա զինվորականներն ու զորակոչիկները, արդեն նոր կառույցների և սպառազինության պայմաններում, շարունակում են կատարելագործվել և զարգանալ, շարունակում են լինել Հայաստանի և Արցախի հուսալի վահանը: Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել: Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական և հոգեբանական պատրաստվածությամբ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը մեծ տոն է՝ շատ մեծ տոն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ոգու արիություն, անկոտրում կամք և խաղաղություն»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am