Բաղանիսցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը. պատճառը նորակոչիկներն էին

Armenpress 17:35, 21 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները հունվարի 21-ին փակել էին  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը պարզաբանեց, որ պատճառը Բաղանիսում ընդունված ավանդույթն է, ըստ որի, բաղանիսցի նորակոչիկներին սահման են ճանապարհում գյուղից` դհոլ-զուռնայով: «Ընդունված է, որ նորակոչիկները ծառայության են մեկնում զինկոմիսարիատի մոտից: Քանի որ մեր նորակոչիկները ավանդույթի համաձայն որոշել էին ծառայության մեկնել գյուղից, Նոյեմբերյանի զինկոմիսարիատում համարել են, որ, Նոյեմբերյան քաղաք չներկայանալով, վերջիններս ծառայությունից խուսափել են»,-ասաց նա:

Համայնքապետը նշեց, որ զինկոմիսարիատից տվյալ նորակոչիկների ծառայության մեկնելու օրը տեղափոխել են հունվարի 26-ին, ինչն էլ առաջացրել էր վերջիններիս դժգոհությունը եւ ճանապարհի փակման պատճառ էր դարձել: «Դա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր բնակիչները սահմանին ապրելով բանակից չեն խուսափում»,-հավելեց Սահակյանը:

Միջպետական ավտոճանապարհն արդեն բաց է, իսկ նորակոչիկներին բանակ կճանապարհեն հունվարի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am