Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչին

Armenpress 21:08, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 20-ին ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարներին:

Հանդիպմանը քննարկվել են Երևանում կայացած խորհրդակցությունների արդյունքները, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը և Ֆլորանս Մանժենն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am