Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այլևս չկա գերբնակեցման խնդիր

Armenpress 16:48, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիր այլևս չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին վստահեցրեց  ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

«Խնդիրը լուծելու համար երկու տարի կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ: «Արմավիր» ՔԿՀ-ն ամբողջապես վերաբացվել է, «Հրազդան» ՔԿՀ-ն սահմանվել է, որպես դատապարտյալներին պահելու վայր, «Արմավիր» ՔԿՀ-ում եռակի անգամ  մեծացվել է դատապարտյալների պահելու վայրը: Բացի այդ, բազմաթիվ շինարարական աշխատանքներ են կատարվել քրեակատարողական հիմնարկներում: Այսպիսի մեծ ծավալի աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ՔԿՀ-երում չունենք գերբնակեցման խնդիր»,- ընդգծեց Քոչինյանը:

Նրա խոսքով` 12 քրեակատարողական հիմնարկներում թույլատրվում է պահել 5400 դատապարտյալ, իսկ ներկայումս այդ վայրերում պահվում է շուրջ 3900 դատապարտյալ:

«Գերբնակեցման խնդիրը հիմնականում ի հայտ է եկել օրենսդրական չափորոշիչները պահպանելու արդյունքում: Մենք չենք կարող անտեսել անհամատեղելիության չափանիշները և բոլոր անձանց պահել նույն վայրում»,- ընդգծեց Քոչինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am