Հայերի տառապանքները մոռացված չեն. Օզդեմիրը ստացել է «Ազատության մրցանակը»

Armenpress 11:09, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բեռլինում Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին է հանձնել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի շնորհած «Ազատության մրցանակը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցանակն Օզդեմիրին շնորհվել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում նրա գործադրած ջանքերի համար:

Բեռլինում մրցանակը Բունդեսթագի պատգամավորին է հանձնել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Պատիվ ունեմ: Հայերի տառապանքները մոռացված չեն»,- նշել է Օզդեմիրը:

Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող եւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am