Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախ

Armenpress 13:23, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին և 20-ին պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախատեսվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների ու շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը: Այցի շրջանակում նախատեսված են նաև պատվիրակության անդամների աշխատանքային այցելություններ Ստեփանակերտի կրթամշակութային, բժշկական հաստատություններ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների հանդիպումներ՝ Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am