Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ

Armenpress 15:44, 18 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտ 35 րոպե ծեծի ենթարկելու սպառնալիքով հայհոյանքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին, չի ենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ստացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Պարզվել է, որ ուղևորը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, իսկ դեպքը տեղի է ունեցել ռուսական ավիաընկերության կողմից իրականացված չվերթի ժամանակ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am