Հայաստանը ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է արձանագրել. Վալովայա

Armenpress 19:21, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ,  16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տատյանա Վալովայան կիսում է ՀՀ Նախագահի այն տեսակետը, որ Հայաստանի բնակչությունը սպասելիքներ ունի ԵԱՏՄ-ից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան նշեց, որ ՀՀ Նախագահի տեսակետն արդարացի գնահատական է, քանի որ միշտ էլ սպասելիքներն ավելի բարձր են և դա լրիվ նորմալ երևույթ է, որ քաղաքացիները կարող են սոցիալ-տնտեսական մեծ ակնկալիքներ ունենալ:

«Այն մեզ էլ ավելի է ոգևորում, որպեսզի շարունակենք զարգացնել ինտեգրացիան և վերացնենք բոլոր խոչընդոտները»,- ասաց Տատյանա Վալովայան:

Այն, որ և 2015-ին և 2016-ին ԵԱՏՄ անդամ երկրներում և միության միջև փոխադարձ առևտրի ծավալները նվազել են, Տատյանա Վալովայան բացատրեց ժամանակաշրջանի բարդ լինելով:

Միաժամանակ, նա օրինակ է բերեց այն, որ Հայաստանի արտահանման մոտ 30 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին: «Հայաստանն իրականում դրական արդյունքներ արձանագրել է, ակնհայտ է, որ հայ գործարարները հասկացել են, թե ինչ է ԵԱՏՄ-ն և ինչպես պետք է աշխատել այդ շուկայում: Արդյունքներ դեռ կլինեն»,- վստահեցրեց Տատյանա Վալովայան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am