Քաղաքագետը ներքաղաքական կյանքում որոշ փոփոխություններ է ակնկալում

Armenpress 15:43, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի  Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշ փոփոխություններ է ակնկալվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ապրիլին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Կարծում եմ, հետաքրքիր է լինելու ոչ թե ընտրությունների արդյունքը, այլ ընտրություններից հետո քաղաքական գործընթացները, քանզի երկիրն անցնելու է նոր քաղաքական համակարգի»,- ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա` այն բավականին հետաքրքիր շրջան է լինելու, որովհետև միահյուսվելու են երկու տարբեր քաղաքական համակարգեր` նախագահական, որը ընտրվել է հին Սահմանադրությամբ և խորհրդարանական, որ ընտրվել է նոր Սահմանադրությամբ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝  Իսկանդարյանը նշեց, որ բանակցային փոփոխություն չի սպասում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորման փորձերով, այլ աշխատում է հնարավորինս նվազեցնել լարվածությունը շփման գծում կամ պահել բռնությունը որոշակի շրջանակում»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ ինքն այս տարի Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողություններ չի կանխատեսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am