Թուրքիայի մեջլիսում փնտրում են 15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը

Armenpress 14:56, 14 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում սահմանադրական փոփոխությունների առաջարկների քննարկման  ընթացքում պատգամավորների միջև սկսված ծեծկռտուքի ժամանակ անհետացել է ամբիոնի միկրոֆոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:

15 հազար եվրո արժողությամբ միկրոֆոնը գտնելու նպատակով մեջլիսում անվտանգության աշխատակիցների և տեխնիկական մասնագետների մասնակցությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով:

Մեջլիսի պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամենայն հավանականությամբ տեսագրությունների միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ով է տարել միկրոֆոնը, որը կռվի ժամանակ պոկվել է և նպատակ է ունեցել ծառայել որպես «մահակ»: Նա խնդրել է տվյալ անձին իրենց վերադարձնել միկրոֆոնը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հունվարի 11-ին նախագահի լիազորություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել էին ծեծկռտուքով: Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամները գրավել էին ամբիոնը, ինչին խառնվել էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները սկսել էին բռունցքներով հարվածել միմյանց: Նրանցից մի քանիսը վիրավորվել էին: Իշխող կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինն անգամ կոտրել էր քիթը: Վնասվել էր հիմնական ամբիոնը, որը հիմքից պոկվել էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am