Թուրքիան ցանկանում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին պատ կառուցել. Sputnik

Armenpress 14:06, 11 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների` պատի կառուցումն իրականացնելու է Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչությունը (TOKİ): Այն դեռևս 2016 թվականի մայիսի 5-ին ստորագրել էր արձանագրություն ազգային պաշտպանության նախարարության և ֆինանսների նախարարության հետ երկրի վեց նահանգներում սահմանին 3 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ:

Երկրի արևելյան սահմանամերձ քաղաքներում, ինչպիսիք են Կարսը, Իգդիրն ու Արդահանը, պատի կառուցումը մեկնաբանվում է «ահաբեկչական խմբավորումների և մաքսանենգության դեմ պայքարելու» անհրաժեշտությամբ:

TOKİ-ի նախագահ Էրգյուն Թուրանը հայտնել է, որ արդեն ապրիլին իրենք կավարտեն Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am