Սերժ Սարգսյանը նախագահականում հյուրընկալված փոքրիկներին հորդորեց լավ սովորել

Armenpress 17:21, 27 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախագահականում այսօր կրկին մանուկների խինդ ու ծիծաղի պակաս չզգացվեց: Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Նախագահը շփվեց փոքրիկների հետ, լուսանկարվեց նրանց հետ: Նա շնորհավորեց փոքրիկներին եւ մաղթեց, որ 2017 թվականը լինի ամենալավ տարին: «Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաև մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» և այլ մրցույթներում հաղթելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը հորդորեց երեխաներին լավ սովորել: « Պիտի և՛ լավ սովորեք, և՛ լավ աշխատեք, և՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,-իր խոսքն ավարտեց ՀՀ Նախագահը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am