Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ կապված գործարքից պետությունը չի տուժի. Արման Սահակյան

Armenpress 19:35, 21 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի ուսումնական կենտրոնում ներկայում ընթանում են ընդունման-հանձնման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Դիլիջանի կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ Պետական եկամուտների կոմիտեն միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝  Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանձնվել է ՊԵԿ-ին՝ Կառավարության համապատասխան որոշմամբ: Մեկ այլ որոշմամբ էլ՝ այն հանձնվել է Պետական գույքի կառավարման վարչությանը:

«ՊԵԿ-ն  այս պահին ընդունում է Ֆինանսների նախարարությունից, այնուհետեւ մենք կընդունենք այն ՊԵԿ-ից: Բոլոր տարբերակները, կապված ուսումնական կենտրոնի հետ, մեզ համար ընդունելի են՝ եւ՛ վարձակալությունը, եւ՛ հավատարմագրային կառավարումը, եւ՛ գույքի օտարումը, բայց  հավաստիացնում եմ, որ բոլոր դեպքերում ինչ լուծում էլ այն ստանա, պետությունը ոչ մի լումա չի կորցնի: Մենք Կառավարությանը ներկայացրել ենք երեք ծրագրային մոտեցումներ, ասել ենք, որ  մեզ համար քննարկելի են այս երեք տարբերակները. եթե կլինեն ցանկացողներ, ներդրում իրականացնելու, վարձակալելու կամ գույքը վերցնելու հավատարմագրային կառավարման, ապա մենք պատրաստ եք այդ քննարկումներին: Ամեն դեպքում պետությունը այդ գործարքից չի տուժի»,- ընդգծեց Արման Սահակյանը՝ տեղեկացնելով, որ դեռեւս հավանական որեւէ գնորդ չկա:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am