Ադրբեջանում վերջին 25 տարիներին գրանցվել է մանկական մահացության մոտ 65 հազար դեպք
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 25 տարիներին Ադրբեջանում գրանցվել է մինչեւ մեկ տարեկան երեխաների մահացության 65 հազար դեպք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
1990-2015 թվականներին Ադրբեջանում գրանցվել է 64 556 մանկական մահացության դեպք, որոնցից 31 484-ը` քաղաքներում, 33 072-ը գյուղական շրջաններում:
2015 թվականի ընթացքում այդ երկրում գրանցվել է 1580 մանկական մահացության դեպք:
Ադրբեջանում լայնորեն աճում է նաեւ ժառանգական հիվանդություններով ծնվող երեխաների թիվը:
Այդ հիվանդություններից ադրբեջանական հասարակության շրջանում հատկապես տարածված են տալասեմիան եւ հեմոֆիլիան:
Ադրբեջանի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք էր ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել: