Սևյանի անվան մշակութային պալատի թեման կքննարկվի քաղաքաշինության պետական կոմիտեում

Armenpress 17:29, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի երկրաշարժի տարելիցի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Շիրակի մարզ՝ Գյումրի քաղաք կատարած այցի շրջանակում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ընթացքում ի թիվս բազմաթիվ թեմաների անդրադարձ է եղել նաև Գյումրիի Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի վերականգնման ու վերակառուցման խնդրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քանի որ այս հարցը նախկինում եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ուշադրության կենտրոնում, ուստի ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը խորհրդակցությունից հետո այցելել է խնդրո առարկա հուշարձան-շենքի տարածք և հանձնարարել քաղաքաշինության պետական կոմիտեի Շիրակի տարածքային տեսչության պետին՝ առկա ուսումնասիրության արդյունքները վեր հանել՝ առաջիկայում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մոտ քննարկում կազմակերպելու, ապա՝ խնդիրը ՀՀ վարչապետին ներկայացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am