Հրանուշ Հակոբյանը սիրիահայերի մասնակցությամբ ցուցահանդես-տոնավաճառից մատանի է գնել

Armenpress 16:03, 8 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանը արծաթե մատանի գնեց ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում կազմակերպված  «Սիրիահայ  մշակույթի շունչը Երեւանում»  բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում ուրախութամբ նշեց սիրիահայերի ստեղծագործելու ոգեւորության մասին:

«Այն, ինչ գնեցի այս տոնավաճառից, բոլորովին այլ որակի մատանի էր: Նման բան անցնող 10-12 ցուցահանդեսների ընթացքում չի եղել թե որակի, եւ թե տեսքի առումով»,-ասաց նա՝ հավելելով, որ սիրիահայ կանանց կողմից պատրաստված հրուշակեղենը կարող է զարդարել յուրաքանչյուրի ամանորյա սեղանը:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ միջին արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ նման ցուցահանդեսներ Սփյուռքի նախարարության եւ սիրիայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի հետ համատեղ կազմակերպվում է 16-րդ անգամ: «Ցուցահանդես-տոնավաճառին սիրիահայերը ներկայացրել են ձեռագործ աշխատանքներ, արծաթյա զարդեր, համեմունքներ, հրուշակեղեն: Այս ցուցահանդեսներից բավական գոհ են մնում սիրիահայերը: Սա բարի ավանդույթ, որը լինելու է շարունակական»,-ասաց Անտոնյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am