ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների թիմը նախանշել են համագործակցության ուղղությունները

Armenpress 19:30, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաև պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին:

Հայաստանի Հանրապետությունում խորհրդատվական թիմը աշխատանքային քննարկումներ է անցկացնում ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման համար պատասխանատու պաշտոնյաների հետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար անցկացնում է «Զինվորական առաջնորդություն» և «Պաշտպանական ռեսուրսների կառավարում» թեմաներով պարապմունքներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am