Ռուբիկ Հակոբյանը մեկնաբանել է խորհրդարանում իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպը

Armenpress 18:34, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը մեկնաբանել է այսօր ավելի վաղ խորհրդարանում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի և իր միջև տեղի ունեցած միջադեպը:

«Ինքը իրեն խուլիգանի նման է պահել, անգամ` վերջին: Ժուռնալիստիկայի հետ կապ չունի, լրագրության հետ կապ չունի: Որոշել է ինձ էթիկայի դասեր սովորեցնել, դաստիարակել, ուղղակի չի ստացվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Հակոբյանը:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արդյոք դա իրավունք տալիս է խփել, Ռուբիկ Հակոբյանը հակադարձ հարց է ուղղել. «տեսե՞լ եք, տեսե՞լ եք Դուք» և չսպասելով արձագանքի` մտել ԱԺ նիստերի դահլիճ:

Ավելի վաղ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանի շենքում իրեն հարվածել է: Ճեպազրույցի ընթացքում լրագրողի և պատգամավորի միջև կոնֆլիկտ է ծագել, ինչից հետո Հակոբյանը Մակարյանին հրավիրել է առանձին խոսելու: Այնուհետև Վահե Մակարյանը հայտնել է, որ առանձնազրույցի ընթացքում պատգամավորը հարվածել է իր աչքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am