Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը խնդիր չէ ՆԱՏՕ-ի համար. Ուիլյամ Լահյու

Armenpress 14:20, 2 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը խնդիր չէ ՆԱՏՕ-ի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, ով Ծաղկաձորում մասնակցում էր «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» սեմինարին, որն անցկացվում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ: «Մենք հասկանում ենք, որ ռազմաբազան առավելապես քաղաքական նշանակություն ունի: ՆԱՏՕ-ն համարում է, որ դա Հայաստանի որոշելիք հարցն է: ՆԱՏՕ-ն Գործընկերության շրջանակներում աշխատում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, դա որեւէ կերպ չի վերաբերում այլ ռազմավարություններին»,- նշեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Անդրադառնալով հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագրին՝ Լահյուն կրկին շեշտեց, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշման հարցն է: «ՆԱՏՕ-ն ինքնիշխան պետությունների միություն է, եւ մենք նույնիսկ անդամ պետություններին չենք ասում` ինչ անել,- նշեց պաշտոնյան: - Եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը ցանկանար իր տարածքում ունենալ ռուսական ռազմաբազա, մենք իրականում չէինք կարողանա կանգնեցնել այն, չնայած դա մեզ համար կլիներ մեծ մտահոգություն»:

Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային հարաբերություններին և Թուրքիայի ներքաղաքական օրակարգի մի շարք այլ հարցերի ևս:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am