Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովը

Armenpress 09:29, 28 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը.

 «Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ, Մադագասկարի մեծարգո Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկնայք և պարոնայք,  Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։

Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում:

Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում:

Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am