ԱՄԷ-ի ֆիլիպինները օդը, ջուրը, արևն ու ձյունը դասում են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների շարքը

Armenpress 16:15, 25 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Air Arabia» ավիաընկերության աջակցությամբ եռօրյա ճանաչողական այցով Հայաստանում էին Արաբական Միացյալ Էմիրությունների ֆիլիպինյան համայնքի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում հյուրերը եղել են Երևանի տեսարժան վայրերում, այցելել Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Սևանա լիճ և Ծաղկաձոր։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, մասնավորապես, ձմեռային տուրիզմի առաջարկներին։ Հյուրերը Հայաստանից հեռացել են՝ տպավորված Հայաստանի ջերմ արևից, մաքուր օդից, քաղցրահամ ջրից ու հատկապես ծաղկաձորյան ձնից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Հայաստան այցելած խմբում էին Ալ-Աին քաղաքի քրիստոնեական եկեղեցու հոգևոր հովիվը, «The Filipino Times» կայքի խմբագիրը, ԱՄԷ ֆիլիպինյան համայնքի առաջին ու ամենամեծ թերթի՝ «Kabayan Weekly»-ի գործադիր տնօրենը, ռադիոյի, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչներ, լուսանկարիչ, արաբական հյուրանոցի, ավիաընկերության և ամսագրի վաճառքի ղեկավարներ։

2017 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է նաև արաբական մեդիայի լրագրողների և բլոգերների այց Հայաստան։ Իսկ գարնանը Հայաստանում կհյուրընկալվեն զբոսաշրջության, խոհարարության, նորաձևության և ակտիվ հանգստին անդրադարձող բլոգերներ, որոնք սոցիալական ցանցերում ունեն ընդհուպ կես միլիոնից ավելի հետևորդներ։

«Նաև արաբական ավիաընկերությունների՝ Հայաստանում գործունեության շնորհիվ մեր երկիրը նախընտրելի ուղղություն է դարձել ԱՄԷ բնակիչների համար: Նրանք գալիս են ոչ միայն երկարատև արձակուրդ անցկացնելու, այլև կարճաժամկետ այցերով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

2010 թվականի տվյալով, Արաբական Միացյալ Էմիրությունների բնակչությունը կազմել է 8.2 միլիոն մարդ, որի շուրջ 10 տոկոսը ֆիլիպինցիներն են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am