Բրիտանացի Բեն Հուփերը որոշել Է լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը

Armenpress 15:29, 14 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լողորդ Բեն Հուփերն սկսել Է Սենեգալից Ատլանտյան օվկիանոսով Բրազիլիա բարեգործական լողահերթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան:

Սպասվում Է, որ Դաքար քաղաքից (Սենեգալ) Նատալ քաղաք (Բրազիլիա) լողահերթը կտեւի չորս կամ հինգ ամիս: Բրիտանացին հույս ունի լողալով անցնել 3,2 հազար կիլոմետր տարածությունը եւ մեկ միլիոն ֆունտ հավաքել բարեգործության համար:  

«Ես մի քանի անհանգստություն ունեմ: Չեմ ցանկանում անհարմար կացության մեջ դնել իմ թիմին  կամ դստերս՝ չխոսելով արդեն հովանավորների եւ հետեւորդների մասին»,- պատմել Է Հուփերը:

Լողորդը հավելել Է, որ իր մեջ լողի նկատմամբ առանձնակի հակում Է առաջացել այն բանից հետո, երբ քիչ Է մնացել խեղդվի հնգամյա տարիքում:

Լողորդը հույս ունի ամեն օր 12 ժամ լողալ կրոլով: Հուփերին կուղեկցի աջակցության երկու նավ, որտեղ կգտնվեն բժիշկներ եւ հատուկ դիտորդ Գինեսի «Ռեկորդների գրքից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am