Բունդեսթագը երկարաձգել է Ինջիրլիքում գերմանական առաքելության ժամկետը

Armenpress 09:39, 11 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագը երկարաձգել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական առաքելության ժամկետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի կոալիցիոն ուժերի` CDU /CSU (Քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալական միություններ) և Սոցիալ դեմոկրատական կուսակցության (SPD) կողմ ձայներով Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական ներկայությունը կպահպանվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:  

Բացի այդ, որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի պահանջի համաձայն Ինջիրլիք ուղարկել AWACS տեսակի ռազմական ինքնաթիռները:

Ներկայում Ինջիրլիքում են գտնվում 250 գերմանացի զինվոր, 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ և մեկ լցավորող ինքնաթիռ: Գերմանական կողմն իր ներկայությունն Ինջիրլիքում օգտագործում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am