Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կդիմի ՄԻԵԴ

Armenpress 13:00, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը իր 9 պատգամավորների, այդ թվում և համանախագահաներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:

Կուսակցությունը իրավաբաններից կազմված մեծ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում իրավաբանները պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը եվրոպական դատարան դիմելու համար: Հանձնաժողովը փաստաթղթերի մեջ է ներառելու պատգամավորների ձերբակալությունից առաջ և դրանից հետո վարչապետի ու նախարարների արած հայտարարությունները:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված 9 պատգամավորի դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am