Նալբանդյանը և Շտայնմայերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդել էր, որ Բեռլին կատարելիք այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
ԱԳ նախարարը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։