Արդարադատության խորհուրդը բավարարել է դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունը

Armenpress 11:06, 29 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կայացած նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԽ լրատվական ծառայությունից, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, Խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունն ու առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Խորհուրդը նաև բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Բարսեղյանին կալանավորելու մասին: Խորհուրդը որոշել է առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:

Քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2016 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու համար 2016 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 475.230 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը հանցանք կատարելու անմիջական ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է:

ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ  արդարադատության խորհրդին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգարվելու և կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ Նախագահին դիմելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am