Պատգամավորը ԸՕ-ում արված փոփոխությունները ընտրությունների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու հնարավորություն է համարում

Armenpress 12:44, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքում քաղաքական համաձայնության արդյունքում կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս մեծացնել տեխնիկական վերահսկողությունն ընտրական գործընթացների նկատմամբ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: «Մենք բուն ընտրական օրենսգրքին դեմ ենք եղել, քանի որ այնտեղ կան դրույթներ, որոնք չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Մասնավորապես, խոսքը տարածքային ցուցակների կամ, այսպես կոչված, ռեյթինգային քվեարկության մասին է, որը, մեր կարծիքով, ոչ այլ ինչ է, քան մեծամասնական ընտրակարգ: Սակայն այն փոփոխությունները, որոնք մենք կատարեցինք քաղաքական համաձայնության արդյունքում, մեծացնում են տեխնիկական վերահսկողության հնարավորությունները: Մենք սրան կողմ ենք եղել և կողմ ենք եղել տեխնիկական վերահսկողության մեծացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը:

Նա անդրադարձավ նաև ԸՕ-ում փոփոխությունների նախագծում խնդրահարույց դրույթին, ըստ որի ընտրախախտումների մասին կեղծ տեղեկատվությունը պետք է ենթադրեր քրեական պատասխանատվություն: «Մենք արտահայտեցինք մեր դժգոհությունը այդ դրույթի հետ կապված, և տեսանք, որ փոփոխություն եղավ ու որոշակի մեղմացումով ենք ընդունել նախագիծը: Եթե սկզբնական տարբերակում նախատեսվում էր քրեական պատասխանատվություն և 2.5-5 տարվա ազատազրկում, ապա հիմա նախատեսվում է տուգանք՝ 200 - 800 հազար դրամ կամ 2 տարվա ազատազրկում»,- ասաց Մհեր Շահգելդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am