Գյուղնախարարությունը կլուծարի «Լիցենզավորման կենտրոն»-ը

Armenpress 13:45, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է լուծարել ոչ միայն Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, այլ նաև «Լիցենզավորման կենտրոն»-ը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարել էր ներկայացնել Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու առաջարկություն:  

Ըստ Առաքելյանի, տեսչությունում աշխատում է 13-15 մարդ, իսկ տրակտորների և կոմբայնների համար պետհամարանիշեր բաժանելու գործառույթը կանցնի Ոստիկանությանը։ «Կարելի է կրճատել նաև «Լիցենզավորման կենտրոնը», որտեղ աշխատում է 3 մարդ։ Կրճատումը կհեշտացնի ճյուղային լիցենզիաների տրամադրումը և կպարզեցնի գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը՝ դժվարանալով նշել, թե որքանով էր արդյունավետ աշխատում կենտրոնի աշխատակազմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am