Թուրքիայի արդարադատության նախարարը մեկնել է ԱՄՆ՝ Գյուլենին արտահանձնելու պահանջով

Armenpress 14:03, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով մեկնում է Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բոզդաղը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչի հետ` նրան ներկայացնելով Գյուլենին Թուրքիա վերադարձնելու պահանջով Միացյալ Նահանգներ ուղարկված նախկին չորս փաստաթղթերի ծրարի մասին տեղեկություններ, ինչպես նաև թուրքական կողմի ձեռք բերած նոր տվյալները:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը որպես վտարանդի 1999 թվականից բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից՝ արտահանձնել Գյուլենին:

74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am