Ֆիլիպ Բուայան գերազանց է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն hոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրագործվող բարեփոխումներին։
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան գերազանց է գնահատել Հայաստանի կառավարության և դատական իշխանության հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանում շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ և այդ գործում բարձր են գնահատում ԵԽ կարևոր աջակցությունը։
Հանդիպմանն անդրադարձ է արվեց 2015-2018թթ. Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի իրագործման ընթացքին: