Շուտով Երևանում և Գորիսում կլինեն Տաթևիկ Սազանդարյանի անվան փողոցներ

Armenpress 18:07, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգային ծրագրի և Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթի վիճակահանության փուլի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը մրցույթի մասնակիցների մասին ասաց, որ որպեսզի տաղանդավոր երիտասարդներն ի հայտ գան, պետք է նրանց բեմ տրամադրել։ «Ինչ վերաբերում է դասական ոկալ արվեստին, հենց Տաթևիկ Սազանդարյանի անվան այս մրցույթը հնարավորություն կընձեռի մեր ներկայիս և ավարտած ուսանողներին, որպեսզի իրենց ունակությունները ցուցադրեն։ Մրցույթը բաղկացած է լինելու երեք փուլից»,-ասաց Շահինյանը։ 

Ռեկտորի խոսքով՝ մեներգիչների հանրապետական 7-րդ մրցույթի հաղթողների համար սահմանվում են հետևյալ մրցանակները (կանանց և տղամարդկանց անհատական). առաջին կարգի մրցանակ՝ դիպլոմ և 300.000-ական դրամ, երկրորդ կարգի մրցանակի համար՝ դիպլոմ և 250.000-ական դրամ և երրորդ կարգի համար՝ դիպլոմ և 200.000-ական դրամ։ «Լինելու են նաև հատուկ մրցնակներ։ Տրվելու է ամենաերիտասարդ մասնակիցներին՝ «Հույսի մրցանակ»՝ 100.000 դրամ, Տաթևիկ Սազանդարյանի օպերային ստեղծագործությունների երգացանկից՝ լավագույն կատարման համար, լավագույն կոնցերտմայստերի համար կրկին 100.000 դրամ»,-ավելացրեց նա։  

Դավիթ Ղազարյանը իր խոսքում ասաց, որ շատ շուտով Տաթևիկ Սազանդարյանի անունը կրող փողոցներ կլինեն Երևանում, ինչպես նաև իր ծննդավայր Գորիսում։ 

Մրցույթը  կանցկացվի հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը: Դափնեկիրների գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը կկայանա սույն թվականի նոյեմբերի 6-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am