Հունաստանի վարչապետը Էրդողանի հայտարարությունը վտանգավոր է համարել

Armenpress 15:05, 1 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոզանի պայմանագրի վերաբերյալ կատարած հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:

Հունաստանի վարչապետի գրասենյակի տարածած տեղեկության համաձայն` Հունաստանի վարչապետ Ցիպրասը Էրդողանի` Լոզանի պայմանագրի վերաբերյալ կատարած հայտարարությունները գնահատել է «վտանգավոր» երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Հույն- Թուրքական հարաբերությունները, Էգեյան ծովի եւ կղզիների նկատմամբ երկու երկրների կարգավիճակը սահմանող պայմանագիրը կասկածի տակ դնելը երկու երկրների հարաբերությունների եւ տարածաշրջանի համար վտանգավոր է»,-ասել է վարչապետը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման մասին խոսելիս անդրադարձ էր կատարել պատմական անցյալին` կասկածի տակ դնելով Լոզանի պայմանագիրը:

Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին, որով պաշտոնապես հանգուցալուծվել է Մերձավոր Արեւելքում 1919-1923 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես` թուրք-հունական պատերազմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am