Տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սեպտեմբերի 29-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԳՀՃ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016թ. մրցանակաբաշխությունը: «Մեր առաքելությունը` հայ տեսակի պահպանումն է: Անհնար է դա անել առանց եկեղեցու և ուսուցիչների: Մենք պարտավոր ենք ունենալ մեր սեփական կրթությունը և դիմագրավել բոլոր մարտահրավերները: Մրցանակաբաշխությունն ուղղված է այս գործընթացի իրականացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Մրցանակներ հանձնվեցին հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, բնագիտական` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչներին և դասվարներին:
Երրորդ մրցանակի արժանացավ 13 մանկավարժ, երկրորդ մրցանակի` 9-ը ուսուցիչ, իսկ առաջին մրցանակը տրվեց Երևանի Ա. Երզնկյանի անվան 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին:
«Մենք` ուսուցիչներս, գնահատված լինելով ավելի ենք ոգևորվում և ավելին ենք տալիս աշակերտներին: Սա պարտավորեցնում է: Շնորհակալ եմ վերաբերմունքի համար»,-ասաց Անուշ Խաչիկյանը:
Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանի երաժիշտ կատարողները:
«Շնորհակալ ենք ուսուցիչներին իրենց ծավալած գործունեության համար: Ցանկանում եմ, որ կրկնապատկվեն նրանց ուժերը, որպեսզի իրենց աշխատանքի շնորհիվ շենանա մեր երկիրը»,- միջոցառման ավարտին ընդգծեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 129 մանկավարժ, որոնցից 60-նն անցել է եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 23 մասնակից արժանացել է տարբեր կարգի մրցանակների, իսկ 37-ը` մասնակցության վկայականների: Ամենամյա մրցույթն իրականանում է ՀՀ ԿԳ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ: