Ադրբեջանում հանրաքվեի ժամանակ ընտրական «կարուսելներ» են գրանցվել

Armenpress 17:57, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անց է կացվում կոպտագույն խախտումներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ գրանցվել են միևնույն ընտրողների կողմից տարբեր ընտրատեղամասերում մի քանի անգամ քվեարկելու փաստեր:

Բացի այդ, կան տվյալներ Խըրդալան քաղաքի ընտրատեղամասում ծրարներով քվեաթերթիկներ լցոնելու մասին: 

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը քվեարկության ընթացքի մոնիթորինգի արդյունքում պարզել է, որ դպրոցի ուսուցիչները հանձնարարում են երեխաների ծնողներին մասնակցել քվեարկությանը մոտակա ընտրատեղամասերում` անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք գրանցված: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է ապահովի վեց ծնողի մասնակցություն:

Երրորդ ընտրատեղամասում պաշտոնապես գրանցվել է հանրաքվեին մասնակցած 343, իսկ հինգերորդ ընտրատեղամասում` 430 մարդ, սակայն դիտորդները գրանցել են միայն 8 և 5 ընտրողների:

Ապշերոնյան ընտրական շրջանում քաղաքացիներին բարձրախոսների միջոցով են կանչում հանրաքվեին մասնակցելու:

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տվյալներ այն մասին, որ 15.00-ի տվյալներով հանրաքվեին մասնակցել է ընտրազանգվածի 53.8 տոկոսը: Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները և ոչ իշխանական փորձագետները, սակայն, հերքում են այս տվյալներ` դրանք ուռճացված և հորինված անվանելով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am