Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է խախտումներով

Armenpress 13:39, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արդեն իսկ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Սումգայիթում հանրաքվեի մասնակիցներից մեկը փորձել է միանգամից երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը:

Ընտրությունների մասնակից Ֆիդան Հասանզադեն հայտնել է, որ քվեախցիկ մտնող քաղաքացիներից մեկը միանգամից ձեռքում ունեցել է երեք քվեաթերթիկ: «Հարցրեցի, թե ձեռքումդ քանի թերթիկ կա: Ասաց` մեկ: Սակայն երբ նայեցի, տեսա, որ երեքն են: Երկուսը վերցրեցի և ընտրական հանձնաժողովի նախագահին հարցրեցի` սրանք ի՞նչ են: Պատասխանը հետևյալն էր` սխալվել են»,- լրատվամիջոցին պատմել է Հասանզադեն:

Որոշ ընտրատեղամասերից ահազանգեր են ստացվել ընտրական «կարուսելների» վերաբերյալ: Շատ ընտրատեղամասերում քվեարկողներին բերել և տարել են ավտոբուսներով:

Ադրբեջանում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 5 միլիոն 260 հազար քաղաքացի: Քվեարկությունն անց է կացվում նաև արտերկրում Ադրբեջանի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:

Ադրբեջանի Սահմանադրության մեջ հանրաքվեով նախատեսված փոփոխությունների հետո անսահմանափակ ընտրվելու իրավունք ունեցող երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց երկարացվում է 7-ի: Մեկ այլ դրույթով` նախագահը ստանում է խորհրդարանը լուծարելու, վաղաժամկետ ընտրություն անցկացնելու իրավունք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am