Սերժ Սարգսյանը ՌԴ Պետդումայի ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» հաղթանակի առթիվ շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին

Armenpress 20:12, 19 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել «Միասնական Ռուսաստան» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀԿ լրատվական ծառայությունից, Սեր Սարգսյանը նշել է. «Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ:

Հարգանքով,

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am