Համաներումը կարող տարածվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա. Նիկոլայ Բաղդասարյան


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չնայած ՀՀ ոստիկանության  պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներին մեղսագրված հոդվածների վրա համաներում, որպես կանոն չի կիրառվում՝ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի բացառում այդ հնարավորությունը: Իսկ բացառություններ տվյալ հարցով կլինեն, թե ոչ, պարզ կդառնա միայն համաներման ակտի հրապարակումից հետո:  

«Նախ՝ պետք է հստակեցնեմ, որ համաներում կիրառելը դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Համաներման կիրառման արդյունքում առաջինը՝ կարող է դադարեցվել քրեական հետապնդումը, երկրորդը՝ պատժի կրումից կարող են ազատվել, երրորդը՝ կարող են ազատվել պատժի կրման մի մասից: Այս երեքից  ո՞ր դեպքը կլինի, դա պարզ կլինի միայն համաներման ակտի հրապարակումից հետո, այսինքն, երբ Ազգային ժողովը կընդունի այդ ակտը, երբ կհասկանանք, թե որ հոդվածների վրա դա կարող է կիրառվել, նոր կկարողանանք եզրահանգումներ անել: Այն հոդվածները, որոնք մեղսագրվել են խմբի անդամներին, դրանց վրա համաներում, որպես կանոն, չի կիրառվում: Այսինքն՝ շենք-շինություններ զավթելու, պատանդներ պահելու հոդվածների վրա համաներում չի կիրառվում: Բայց  կլինի՞ բացառություն, թե՞ ոչ, դա կերևա համաներման ակտի հրապարակումից հետո»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ ի՞նչ պատիժ կարող է սպասվել «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, և կարո՞ղ է նրա նկատմամբ համաներում կիրառվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, ինչն իրենից ենթադրում է որպես մեղադրյալ ներգրավելու որոշում: Այդ որոշման բովանդակությանը ծանոթ չլինելով՝ մենք այդ հարցին չենք կարող պատասխանել: Մինչև չլինի հոդվածը, որը իրեն մեղսագրվում է, չենք կարող ասել, կկիրառվի նրա նկատմամբ համաներում, թե ոչ: Բացի դրանից, նախ պետք է հասկանալ, թե ինքը համաձայն կլինի՞, որ իր նկատմամբ համաներում կիրառվի կամ դատարանը նրան մեղավո՞ր կճանաչի, թե՞ ոչ:  Նախ` ինքը պետք է համաձայնություն տա, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, դրանից հետո դատարանը պետք է մեղավոր ճանաչի, որպեսզի համաներումը կիրառվի»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am