Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ փորձանմուշը դրական արդյունք է տվել. ՄՕԿ-ը որակազրկել է ծանրորդին

Armenpress 18:57, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը (WADA) վերստուգել է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանի՝ Պեկինի 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշը, որը տվել է դրական արդյունք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

69 կգ քաշային կարգում հանդես եկած Տիգրան Մարտիրոսյանը Պեկինի խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր: Դոպինգ փորձանմուշի վերստուգման արդյունքում հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոսերոն (տուրինաբոլ)։ 

ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեի ներկայացուցիչներ Դենիս Օսվալդը, Գունիլա Լինդբերգը և Ուգուր Էրդեները հրապարակել են Տիգրան Մարտիրոսյանի հետ կապված զեկույց: Դրանում նշվում է, որ Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Տիգրան Մարտիոսյանը խախտել է հակադոպինգային կանոնները, ուստի որոշում է կայացվել որակազրկել նրան, ինչն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից: Ըստ զեկույցի` որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am