Արցախի անկախությունը այդ տարածքում ապրող ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիքն է. Շիրակ Թորոսյան

Armenpress 18:40, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի անկախությունն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորն է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25 տարվա ընթացքում ձերքբերումների մասին, նման կարծիք հայտնեց  ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: «Արցախի անկախությունը Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց էր: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք ևս մեկ անգամ տեսանք, որ ադրբեջանցի զինվորները, լինելով սահմանամերձ բնակավայրում, ծեր մարդկանց անգամ ֆիզիկական տանջանքների ենթարկեցին և սպանեցին: Սա ակնհայտ փաստ և ապացույց է, որ Արցախի ժողովուրդը ճիշտ է վարվել 1991 թվականի սեպտեմբերի 2-ին` հռչակելով իր անկախությունը, դրանով ապահովելով իր ֆիզիկական գոյությունն ու ապագան»,- նշեց Թորոսյանը: Ըստ պատգամավորի՝ մյուս ձեռքբերումը պատմական Հայաստանի սրբավայր հանդիսացող հատվածում երկրորդ հայկական պետությունը տեսնելն է: «Սա հայ ժողովրդի իղձերից մեկն էր` անկախ տեսնել Արցախը օտար և բռնի  նվաճողներից»,-ընդգծեց նա: ԱԺ պատգամավորը մեծ ձերքբերում է համարում նաև Արցախի պետակաշինությունը և այնտեղ ծնված և մեծացած անկախության սերունդը: «Այս 25 տարիների ընթացքում նոր սերունդ աճեց և մեծացավ արդեն անկախության  պայմաններում: Այս սերունդը չի պատկերացնում իր գոյությունը որևէ այլ պետության կազմում: Այս մարդկանց անհնար է  այլ մտածելակերպ պարտադրել»,- շեշտեց Թորոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am