Կադաստրի համակարգում գործելու է գնահատման նոր համակարգ

Armenpress 15:57, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ էլեկտրոնային գնահատման նոր համակարգի ներդրման շնորհանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կադաստրի պետական կոմիտեից:

Կադաստրի համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակն առավել  բարելավելու նկատառումներով,  Երևան քաղաքում գործող սպասարկման գրասենյակներում ներդրվում է էլեկտրոնային գնահատման նոր համակարգ, որը քաղաքացիներին  հնարավորություն կտա գնահատելու սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչն էլ իր հերթին կնպաստի վեր հանել այդ բնագավառում կադաստրի համակարգի  հնարավոր բացերը:

«Համալիր և շարունակական բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, առկա թերությունների հայտնաբերմանը,  ինչպես նաև հանրային վերահսկողության ապահովմանը, որը  կնպաստի քաղաքացիների սպասարկման նոր որակի ապահովմանը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սագսյանը:

Կոմիտեի նախագահն իր խոսքում նշեց, որ համակարգը հնարավորություն կընձեռնի գնահատել և խրախուսել աշխատակիցներին, ովքեր իրենց վստահված աշխատանքը կատարում են մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն, այնպես էլ կիրառել պատժամիջոցներ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են: Սա այն գործիքն է լինելու համակարգի ներսում, որի շնորհիվ քաղաքացին ինքն է գնահատելու կադաստրի համակարգի աշխատանքը: 

Նորարարությունը հաջողությամբ գործարկվելու դեպքում, առաջիկայում այն կներդրվի նաև մարզերում գործող սպասարկման գրասենյակներում:

Մարտին Սարգսյանը հավելեց, որ գնահատման համակարգի ներդրման համար անհրաժեշտ շուրջ 5 մլն դրամ ծախսից պետական ֆինանսական միջոցներ են ներդրվել շուրջ 700.000 դրամ, մնացած ծախսերը իրականացվել են բարեգործության շրջանակում ձեռքբերված միջոցների հաշվին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am