Հայաստանի պարտքը «Գազպրոմին» կազմում է ոչ թե 52.3 մլն, այլ 33.8 մլն դոլար. պարզաբանում

Armenpress 15:43, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խնդրի վերաբերյալ պարզաբանում է տրամադրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ։

Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ լրատվամիջոցներում բազմիցս եղել են քննարկումներ։ Տարօրինակ է, որ այն կրկին հայտնվեց օրակարգում։

Առկա պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է դեռևս այս տարվա մայիսի 12-ին ՀՀ կառավարության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև ստորագրված «էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում, որի շրջանակներում Համաշխարհային բանկը տրամադրեց 30 մլն. դոլարի վարկ։ Բազմիցս հայտարարվել է, որ վարկի մի մասը ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի պարտքի մասնակի մարմանը։

Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում։

«Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ՀՀ նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել «Երևանի ՋԷԿ»-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը»,- ասված է պարզաբանման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am