Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է Աֆղանստանից

Armenpress 14:45, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հերթական զորախմբի զինծառայողները, ովքեր վերջին ամիսներին խաղաղարար առաքելություն են իրականացրել Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Հայ խաղաղապահներն առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am