Գյումրին ցնծությամբ դիմավորեց չեմպիոններին

Armenpress 11:26, 27 Օգոստոս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին ցնծությամբ ու օլիմպիական տրամադրությամբ դիմավորեց  հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, չնայած ուշ ժամին` գյումրեցիները հավաքվել էին քաղաքի «Վարդանանց» հրապարակում` տոնելու մարզիկների վերադարձը: Ուրախ տրամադրություն, երգ ու պար  ի հավելումն մեքենաների շչակների: Տոնական տրամադրությունն ամենուր էր՝  չեմպիոնի ու փոխչեմպիոնի նկարները տարբեր կառույցների ճակատային հատվածներում ու գյումրեցիների հագուստների վրա:

«Ես ձեզանով եմ ուժեղ` իմ քաղաքով ու իմ երկրով: Այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է՝ մենք միասին ենք հաղթել»,- դիմելով համաքաղաքացիներին` նշեց Արթուր Ալեքսանյանը:

«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- հավելեց Գոռ Մինասյանը:

Տոնական տրամադրությունն ամփոփվեց հաղթական շուրջպարով ու շքեղ հրավառությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am