Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Սամվել Բալասանյանը

Armenpress 22:53, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հաստատել է Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Գյումրիում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Սամվել Բալասանյանը, իսկ Վանաձորում՝ Մամիկոն Ասլանյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենք բաց և հրապարակային մրցակության կողմնակից են՝ հույս հայտնելով, որ այդ բաց մրցակցության արդյունքում Գյումրիի և Վանաձորի բնակիչները կընտրեն այն կուսակցությանը, որին կվստահեն իրենց համայնքի կառավարումը գալիք տարիների ընթացքում:

Կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաև Ազգային ժողովի գալիք նստաշրջանի հետ կապված հարցեր: Շարմազանովը հիշեցրեց, որ մեկնարկելիք նստաշրջանի ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի գլխավոր դատախազ, պետք է քննարկվի հարկային օրենսգիրքը, ինչպես նաև՝ մի շարք այլ կարևոր հարցեր: «Կուսակցությունը պատրաստվում է քաղաքական աշնանը: Ես կարծում եմ, որ քաղաքական աշունը բուռ է լինելու»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am