«Ֆրեսկո» փառատոնի շրջանակներում Երևանում կազմակերպվեց կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն

Armenpress 18:25, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում Երևանում` «Նարեկացի» արվեստի կենտրոնում, տեղի ունեցան մի շարք ֆիլմերի ցուցադրություններ: «Փառատոնում ընդգրկված ֆիլմերը քարոզում են համամարդկային արժեքներ` մարդասիրություն, ընտանեկան համերաշխություն, պայքար պատերազմների, էկոլոգիական խնդիրների դեմ: Փառատոնի ուղերձը` հույս, հավատ, սեր և խաղաղությունն է»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ` նշեց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը:

Փառատոնն իրականացվում է 3-րդ անգամ: Այս տարի «Ֆրեսկո»-ի ֆիլմացանկում ներառված է 22 երկրի 76 կինոժապավեն: Փառատոնի ընթացքում կազմակերպվում են բացօթյա կինոդիտումներ, ցուցահանդեսներ, համերգներ:

Սոցիալական շեշտադրությամբ այս մշակութային նախաձեռնության նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային մշակութային նմուշների ցուցադրությունն է, դրանցում արծարծվող հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը:

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 19-29-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am