Երգը որպես աղոթք ու խաղաղության կոչ
ԳՅՈՒՄՐԻ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգը որպես աղոթք ու խաղաղության կոչ ներկայացնելով՝ օգոստոսի 25-ին Գյումրու երիտասարդական պալատում տեղի ունեցավ 11-ամյա պարսկուհի Նիկա Աֆկարիի մենահամերգը՝ «Գյումրին 2016 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում: Նիկան մենահամերգներին մասնակցում է «Երաժշտությունը հանուն խաղաղության» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Չնայած տարիքին՝ Նիկան արդեն հասցրել է համերգներով հանդես է գալ աշխարհի տարբեր երկրներում՝ դատապարտելով մարդածին բոլոր աղետները՝ չմոռանալով նաև ներկայացնել 20-րդ դարի մեծագույն ողբերգություն Հայոց Ցեղասպանությունը: Նիկան «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ մայրիկն է իրեն պատմել հայոց ցեղասպանության մասին, որից հետո ինքն իր ծրագրում ընդգրկել է նաև «Գարուն ա»-ն ու «Կռունկ»-ը:
Նիկայի համերգային ծրագրերին աջակցում և նվագակցում է մայրը՝ Նազլի Բախշայեշը« ով «Երաժշտությունը հանուն խաղաղության» հիմնադրամի տնօրենն է:
Ինչպես ներկայացրեց Նիկան՝ իր համերգների գլխավոր նպատակն է աշխարհին խաղաղություն քարոզելը: Այս համերգին Նիկան ներկայացրեց 6 երգ՝ պարսկերեն, ռուսերեն, ճապոներեն և հայերեն՝ որպես եզրափակում հնչեցնելով «Կռունկ»-ը: Յուրահատուկ թավշյա ձայն ու մեծահասակին հատուկ կատարողական վարպետություն, իսկ ամենակարևորը՝ համամարդկային կոչ, և հանդիսատեսն անկարող է զսպել հիացմունքն ու արցունքները:
Իր կատարողական բարձր արվեստի և հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման համար Նիկան պարգևատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատվոգրով և Գյումրու երիտասարդական պալատի շնորհակալագրով ու հուշանվերով (իր՝ Նիկայի) գծանկարը, որն ամենաշատն ուրախացրեց փոքրիկ երգչուհուն: Համերգի ավարտին, ի նշան խաղաղության և համերաշխության, Նիկան հանդիսատեսին նվիրեց իր պատրաստած թղթե կռունկները:
Արմենուհի Մխոյան