ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ու ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն անդրադարձել են համաեվրոպական մարտահրավերներին

Armenpress 19:58, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը օգոստոսի 25-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին:

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ԵԽԽՎ դերակատարությունը՝ որպես համաեվրոպական նշանակության հարցեր քննարկելու ժողովրդավարական կարևոր հարթակի, ինչն իր լուրջ ներդրումն ունի անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման գործում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի մշտական ներկայացուցչին նշանակման կապակցությամբ, մաղթել է արդյունավետ աշխատանք, որն ուղղված է լինելու նաև խորհրդարանական համագործակցության զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԽԽՎ օրակարգային հարցերին և համաեվրոպական մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am