ԼՂՀ-ում ընդունվել է համաներում հայտարարելու մասին որոշումը

Armenpress 14:42, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:

Համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: «25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. Այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am