Հայաստանում ստեղծվում է օրենդրության մշակման մասնագիտացված մարմին

Armenpress 12:03, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս 2013 թվականին այս հարցով քննարկումներ են անցկացվել ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի հետ, և հիմնադրամի ստեղծումը կարևորվում է հատկապես սահմանադրական բարեփոխումների համատեքստում:

«Որպես հեռահար ռազմավարական նպատակ նախատեսում ենք նաև նվազեցնել գերատեսչությունների կողմից մշակվող օրենսդրությունների քանակը: Հիմնադրամի ստեղծման նպատակն է ունենալ օրենդրության մշակման մասնագիտացված մարմին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ հիմնադրամը ստեղծվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ԱՄՆ ՄԶԳ-ն քանի տարի է ֆինանսավորելու հիմնադրամը, և արդյոք այդ ժամկետի ավարտից հետո լրացուցիչ բեռ չի լինի կառավարության վրա, ինչին ի պատասխան, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորելու է երկու տարի: Նախարարի խոսքով՝ բանակցությունները միջազգային կառույցների և Քուվեյթի պետության հետ վստահություն են տալիս, որ հետագայում ևս ֆինանսավորողներ կլինեն:

Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Արդարադատության նախարարությունը, իսկ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Տիգրան Մարկոսյանը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ պետական հիմնադրամը կգրանցվի ԱՆ-ի կողմից, իսկ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը:

Հիմնադրամի նպատակն է աջակցել ՀՀ կարգավորիչ քաղաքականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգացմանը, ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը, իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը, գործող օրենսդրության վերլուծությունը և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am